Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Թրամփը, Պուտինը և Եվրոպայի ինքնապաշտպանության ռեֆլեքսը

Թրամփը, Պուտինը և Եվրոպայի ինքնապաշտպանության ռեֆլեքսը
27.05.2017 | 16:17

Եվրամիությունը պետք է ուժեղացնի իր պաշտպանունակությունը: Միջոցներ ունի, Բեռլինում ու Փարիզում պետության ղեկը մարդկանց ձեռքում է, ովքեր գիտակցում են իրավիճակի ողջ լրջությունը՝ գրում է Die Presse-ի մեկնաբան Օլիվեր Գրիմը: Մեկ նախադասությամբ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին հաջողվեց նկարագրել այն անդունդը, որ գոյացել է Եվրոպայի ու ԱՄՆ վարչակարգի միջև. «Ես 100 %-ով համոզված չեմ, որ այսօր մենք կարող ենք խոսել Ռուսաստանի վերաբերյալ միասնական տեսակետի մասին»՝ հայտարարեց Տուսկը անվանակցի հետ հանդիպումից հետո: Այդ գնահատականը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Մինչև հիմա Ռուսաստանի ավտորիտար վարչակարգի վերաբերյալ, որին խորթ են ազատության սկզբունքները, եվրոպացիներն ու ամերիկացիները տարաձայնություններ չեն ունեցել: Եվրոպական մայր ցամաք ԱՄՆ նախագահի առաջին պաշտոնական այցը իր ամբողջ անբովանդակությամբ և թափանցիկ անտարբերությամբ սրեց փաստը, որ Սպիտակ տանը քիչ է մտահոգում միասնությունը և խաղաղությունը Եվրոպայում: Կրեմլը ընդհանրապես փորձում է խանգարել և մեկին, և մյուսին: Այսօր, ինչպես երբեք, սառը պատերազմից հետո Եվրամիությունը պարտավոր է պաշտպանել սեփական անվտանգությունը:

Վերջին ժամանակներս այդ ուղղությամբ նկատվել է երեք խոստումնալից քայլ: Առաջին՝ Գերմանիայի ու Ֆրանսիայի նախաձեռնությամբ պաշտպանութան նախարարներն անցյալ շաբաթ պայմանավորվեցին հիմնադրամ ստեղծել, որը կարող է ֆինանսավորել Եվրոպական պաշտպանական գործակալության ներսում ռազմական համակարգի մշակումը: Երկրորդ՝ Եվրամիության բյուջեում ավելի շատ տեղ պետք է տրվի սեփական, եվրոպական ռազմական տեխնոլոգիաների զարգացմանը: Երրորդ՝ պաշտպանության նախարարները պայմանավորվել են վերացնել միջպետական ռազմական ստորաբաժանումների աշխատանքի ամենագլխավոր խոչընդոտը՝ լուծել նրանց ֆինանսավորման հարցը: Մինչև եվրոպական բանակի ստեղծումը դեռ շատ հեռու է: ԵՄ պաշտպանության ոլորտի բոլոր հնարավորությունները հենվում են բարի կամքի վրա: Սակայն ԵՄ անդամները պետք է շտապեն՝ Եվրոպայի ռազմական դեգրադացիան սարսափեցնում է:

Անվտանգության ոլորտի ֆրանսիացի ռազմական փորձագետ Ժան-Տոմա Լեզյուերը Le Figaro-ին տված հարցազրույցում ասել է, որ ֆրանսիական ռազմական Tigre ուղղաթիռներից, նախատեսված Սախելում հակաահաբեկչական գործողությունների համար, միայն յուրաքանչյուր վեցերորդն է պատրաստ շահագործման:
Օլիվեր ԳՐԻՄ, Die Presse


Հ.Գ. Ինքնապաշտպանության ռեֆլեքսը հրաշալի միջոց է, երբ ինքնապաշտպանության գիտակցությունը բացակայում է: Եվրոպան կարող է ու պիտի ունենա իր ինքնապաշտպանության միջոցները, այդ դեպքում ինչի՞ համար է ՆԱՏՕ-ն և ինչո՞ւ են ՆԱՏՕ-ին հատկացվում եվրոպական ֆինանսներ: Սեփական բանակն ունենալով՝ ԵՄ-ն նվազեցնում է կախումը ԱՄՆ-ից՝ դա է գլխավոր խնդիրը: Բայց եթե ԵՄ տարածքում ռազմական կոնֆլիկտներ չկան և ԵՄ-ն պատերազմելու ցանկություն չունի այլ երկների հետ՝ դավանելով խաղաղության ու անվտանգության սկզբունքներ, ինչի՞ն է պետք բանակը: Եվ, այնուամենայնիվ, կյանքը պարտադրում է բանակ ստեղծել: Իսկ ԱՄՆ նախագահի առաջին արտասահմանյան ուղևորությունը նրա համար շատ արդյունավետ էր՝ Սաուդյան Արաբիային միլիարդավոր դոլարների զենք կվաճառի (փակելով այդ շուկան Ռուսաստանի առաջ), Իսրայելի վարչապետը հայտարարեց, որ դաշնակիցներ շատ կան, իսկ գլխավոր դաշնակիցը միշտ եղել է ու մնում է ԱՄՆ-ը (Ռուսաստանի ջանքերը ջուրն ընկան), հանդիպեց Պաղեստինի նախագահին ու խաղաղության համաձայնագրի առաջարկ արեց, որը ոչ ընդունվեց, ոչ մերժվեց: Բացի այդ՝ Բրյուսելում ամրապնդեց ՆԱՏՕ-ի եվրոպական ֆինանսավորումը և հասավ նրան, որ Ենս Ստոլտենբերգը, թեպետ մինչ այդ հայտարարում էր, որ ՆԱՏՕ-ն Սիրիա չի մտնի, հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն միանում է Սիրիայում հակաահաբեկչական գործողություններին: Ճիշտ է՝ զինվորներ չի ուղարկի դեռ, բայց դա սկիզբն է, պետք լինի, զինվորներն էլ կգնան: Վերջապես՝ հանդիպեց Հռոմի պապին ու ստացավ նրա օրհնությունը: Ըստ ամենայնի, եվրոպական հասցեներով Դոնալդ Թրամփի հանդիպումները հաջողված էին: Հավելեք, որ Սպիտակ տնից իրարամերժ հայտարարություններ են հնչում՝ մեկ պարզվում է, որ ԱՄՆ-ը կարող է հանել ՌԴ պատժամիջոցները, մեկ՝ խստացնել: Ակնհայտ է, որ Ռուսաստանին ԱՄՆ-ը պայման է առաջադրել, որի կատարման դեպքում պատժամիջոցները կարող են հանվել: Չի բացառվում, որ այդ պայմանը Թեհրանն է՝ ռուս-իրանական հարաբերությունները: Պատահական չէ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հերթական անգամ հայտարարեց, որ առանց Իրանի Սիրիայում հնարավոր չէ հարցի լուծման հասնել: Իսկ Սիրիայից դուրս ի՞նչ է ԱՄՆ-ը պահանջում Ռուսաստանից՝ պատժամիջոցները վերացնելու դիմաց: Նկատի ունեցեք, որ ԵՄ-ում ևս միասնական տեսակետ չկա ՌԴ պատժամիջոցների վերաբերյալ: Իսկ պատժամիջոցները հանելուց հետո ՌԴ-Արևմուտք հարաբերությունների բնույթը կփոխվի և բանակի անհրաժեշտությունը կվերանա: Պարզ է, որ ԵՄ-ն իր անվտանգության սպառնալիքը տեսնում է Ռուսաստանում: Խնդիրը գնում-գալիս ու բախվում է ազդեցության ոլորտներին՝ Պուտինին պետք է ընտրություններից առաջ երկրում վիճակ փոխել, Արևմուտքին պետք է Ռուսաստանի թույլ նախագահ՝ զսպելու գերտերություն դառնալու ձգտումները: Առաջիկա մեկ տարին խիստ լարված է անցնելու: Ոչ միայն Հայաստանում: Գլոբալ մակարդակում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1823

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ